Հանրագիտարան

Հակոբ Պարոնյան

Հայ գրող, երգիծաբան, լրագրող Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843թ. նոյեմբերի 19-ին Ադրիանապոլիս քաղաքում: 19-րդ դարի երկրորդ կեսի ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է համարվում։
Պարոնյանը մանուկ հասակում զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Կրթությունն ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվից բացի, սովորել է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվել է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու: 
 
Պարոնյանն զբաղվել է նաև ինքնակրթությամբ, ուսումնասիրել է հայոց պատմությունն ու գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը, կարդացել է եվրոպացի հեղինակների ստեղծագործությունները։ Կարճ ժամանակ անց թողել է ուսումնարանն ու աշխատանքի անցել մի դեղագործի մոտ որպես աշակերտ:
 
1863 թվականին Պարոնյանը մեկնել է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտել։ Ի վերջո, աշխատանք է գտել հեռագրատանը։ 1868թ.-ին նորից վերադարձել է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադարձել Պոլիս, նախ՝ աշխատել հեռագրական գործակալություններում, ապա՝ մասնավոր դասեր տվել մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում): 
 
Այնուհետև Պարոնյանը նշանակվել է ուսուցիչ Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, ուր նրան աշակերտել է Պետրոս Դուրյանը։ Պոլսում Պարոնյանը կապեր է հաստատել դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Հարություն Սվաճյանի հետ։ Վերջինիս հրավերով սկզբում աշխատակցել է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դարձել նրա խմբագիրը (1872-1874թթ.):
 
1874-1877 թվականներին խմբագրել է «Թատրոն» թերթը: Բացի դրանից, նա հրատարակել է «Թատրոն բարեկամ մանկաց» երկշաբաթաթերթը (1874-1877թթ.)՝ նպատակ ունենալով «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկրնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքցի ըլլալ»:
 
«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցել է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին: Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տվել իրենց պարբերականներում: Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողացել է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888թթ.):
 
1888 թվականին՝ հայ պարբերականների փակվելուց հետո, Պարոնյանը զրկվել է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից: Գումար վաստակելու համար աշխատել է որպես հաշվապահ: Այդ աշխատանքը, սակայն, նյութապես չի ապահովել նրան: Աղքատությունը քայքայել է Պարոնյանի առողջությունը, և նա 1891թ.-ին վախճանվել է ծայրաստիճան աղքատության մեջ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: